Ֆրանսիայում հայկական շունչն ամենուր է։ Հատկապես մայրաքաղաք Փարիզի տարբեր անկյուններում կարելի է հանդիպել մեծաքանակ հայերի, տեսնել նրանց ջանքերով բացված ուսումնական կենտրոններ, խանութներ, ռեստորաններ և հուշարձաններ, որոնք պատմում են Ֆրանսիայում թողած հայկական հետքի մասին։

Նման մի պատմամշակութային կոթող է Փարիզի հայտնի 8-րդ փողոցում գտնվող հայ մեծն կոմպոզիտոր, երաժշտագետ Կոմիտասի հուշարձանը։ Դեռևս 1978 թվականին Փարիզի հայկական համայնքը դիմել էր քաղաքային իշխանություններին՝ Կոմիտասին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու խնդրանքով։ 2001 թվականին, երբ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սկսվեցին տեղադրման աշխատանքները: Անվանի հայ ճարտարապետ, նկարիչ Դավիթ Երևանցու հեղինակած հուշարձանը բացվեց 2003 թվականի ապրիլի 24-ին Ալբերի գետափի մոտ՝ Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հարևանությամբ: 2009 թվականին հարակից փոքր պուրակը վերանվանվեց «Երևան»: Հուշարձանի բարձրությունը 6 մետր է, 2 մետր պատվանդանն է, արձանը՝ 4 մետր, նյութը՝ բրոնզ։ Հուշարձանի հետևի մասում խաչքար է, վարդապետի ձեռքին՝ գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։ Հուշարձանի վրա գրված է.  «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի»:

2020 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանը ենթարկվեց վանդալիզմի։ Նրա վրա թողել էին «սա սուտ է» (c’est faux) արտահայտությունը, որն անմիջապես հեռացրել էր Փարիզի քաղաքապետարանը: